Հիմնադիր | Վահագնի բնակելի թաղամաս

Հիմնադիր

Վահագ Ստեփանի Հովնանյանը անշարժ գույքի շինարարությամբ զբաղվող հաջողակ գործարար է և բարերար: Ծնվել է Իրաքի Քիրքուք քաղաքում 1932 թվականին: 1952-ին ավարտել է Բաղդադի Քոլեջը և ներգաղթել Միացյալ Նահանգներ` ուսանելու Ֆիլադելֆիայի Սբ. Ջոզեֆի Համալսարանում (Փենսիլվանիա նահանգ), որն ավարտել է 1956-ին՝ ստանալով ֆիզիկոսի բակալավրի աստիճան:

Իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերությունները ԱՄՆ-ում կառուցել են ավելի քան 5000 տներ և բազմաթիվ առևտրային տարածքներ:

1959թ. Հովնանյան եղբայրները միասին հիմնել են համանուն կորպորացիան, որի փոխնախագահի պաշտոնը ստանձնել է Վահագ Հովնանյանը: 10 տարի շարունակ Նյու Ջերսիում «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան կառուցել է հազարավոր տներ:

1969թ. Վահագ Հովնանյանը հիմնել է իր սեփական շինարարական ընկերությունը` «Hovbilt, Inc»-ը, որտեղ հետագա տարիներին նախագծվել և կառուցվել են համընդհանուր ճանաչման և բազմաթիվ մրցանակների արժանացած բնակելի թաղամասեր: Գործունեության ծավալների աճելուն զուգընթաց, ընկերությունը ընդլայնվել է՝ ստեղծելով մի քանի դուստր ընկերություններ` «V.S. Hovnanian Group» անվան ներքո: Դրանց թվում էին «Adelfia Water Company»-ն, «Adelfia Sewer Company»-ն, «Hovnanian Realty»-ն, «Clear Title Agency»-ն և «Grandview Cable»-ը:

1985-ին Վահագ Հովնանյանն իր որդու` Շանթ Հովնանյանի հետ առաջիններից էր, որ հիմնեց հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն՝ «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS»-ի:

1960-ականներին նա 4 տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սբ. Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նրա նախագահության օրոք եկեղեցին ոտքի կանգնեց ծանր ֆինանսական կացությունից և հենց նրա ջանքերի շնորհիվ էր, որ Սբ. Վարդանանց եկեղեցին, առաջինը լինելով Միացյալ Նահանգների հայկական եկեղեցիների մեջ, սկսեց տոնել հայկական տոները դրանց ճիշտ օրը, և ոչ մոտակա կիրակի օրերին:

1973-1977թթ. Վահագ Հովնանյանը ծառայել է որպես Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան Թեմի տնօրենների խորհրդի գործադիր անդամ: Միաժամանակ նա Լիբանանում Հայաստանյաց եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսության Համաշխարհային Խորհրդում ԱՄՆ-ի ազգային պատվիրակն էր:

Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, Վահագ Հովնանյանը 1988թ. երկրաշարժից հետո հանգանակեց միջոցներ Սպիտակի աղետի գոտում նոր դպրոց կառուցելու համար: 1992-ից Հովնանյան ամուսինները Երևանի Նորքի զանգվածի Անանիա Շիրակացի ճեմարանի գլխավոր բարեգործներն են: Վահագ Հովնանյանը ծրագրում է մոտ ապագայում հիմնել Հովնանյան վարժարան նաև Վահագնի բնակելի թաղամասում:

Վահագ Հովնանյանի՝ հայությանն իր նվիրվածության վառ ապացույցն են հանդիսանում աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում ստացված բազմաթիվ պարգևները:

1969թ. իրենց մեծ վաստակի համար Նորին Սուրբ Օծություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Խորեն I-ը Վահագ և Հասմիկ Հովնանյաններին շնորհել է համապատասխանաբար "Մեծի Տանն Կիլիկիո Ասպետ" և "Մեծի Տանն Կիլիկիո Տիկին" պատվավոր կոչումները:

Տեր և Տիկին Հովնանյանների ամենամեծ նվաճումներից է 1976թ. Նյու Ջերսիի Նյու Միլֆորդ քաղաքում Հայկական դպրոցի հիմնումը: 1984-ին նրանց պատվին այն վերանվանվեց Հովնանյան դպրոց: Դպրոցի տասներորդ տարեդարձի կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Գարեգին 2-րդը (ավելի ուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 1-ին), Լիբանանի Անթիլիաս քաղաքում Վահագ Հովնանյանին շնորհել է "Հայ Առաքելական Եկեղեցու Արքայազն" կոչումը:

Համոզված լինելով, որ տուրիզմը կարող է մեծ խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, Վահագ Հովնանյանը տուրիզմի զարգացումը դիտարկում է որպես գերակա շահ Հայաստանի Հանրապետության համար: Նրա լոբբինգի շնորհիվ էր, որ հաջողության հասավ ամերիկյան կառավարության կողմից Հայաստանում տուրիզմի զարգացմանն օգնություն ցուցաբերելու ծրագիրը: 2001թ. մայիսին Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ ստեղծվեց Հայկական Տուրիզմի Զարգացման Գործակալությունը (ՀՏԶԳ), որը ֆինանսավորվում էր Վահագ Հովնանյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նշված ֆինանսական աջակցության և Վահագ Հովնանյանի ջանքերի շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայացվեց որպես տուրիստական կենտրոն:

1995թ. Հովնանյանները հովանավորեցին Հայաստանի մասնակցությունը Վենետիկի Բիենալեում և սկսեցին միջոցների հանգանակում առաջին Հայկական տաղավարի բացման համար: Նրանք կազմակերպեցին և անցկացրեցին միջազգային պարահանդես Վենետիկում, որին ներկա էին 250-ից ավելի հայեր ամբողջ աշխարհից, ովքեր եկել էին սատարելու Հայաստանի մուտքն արվեստի միջազգային ասպարեզ: Այս իրադարձությունը դեռևս ծրագրելու փուլում էր, երբ նրանք ստեղծեցին <> Հիմնադրամը, որի նպատակն էր օգնել երիտասարդ հայ արվեստագետներին: <> հիմնադրամը, ինչպես նաև <<Վահագ և Հասմիկ Հովնանյաններ>> հիմնադրամն օգնեց 100-ից ավելի հայ արվեստագետների Հայաստանից և այլ երկրներից՝ կատարելագործվել կերպարվեստի և բեմարվեստի իրենց նախընտրած ոլորտներում:

2000-ի մայիսին պրն. Հովնանյանը հիմնեց <<Սայաթ-Նովա>> մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ: 2002թ. մայիսին թվարկածին ավելացավ նաև <<Վահագնի>> մրցանակաբաշխությունը` որպես թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու և սատարելու ևս մեկ գործոն:

1998թ-ին Վահագ Հովնանյանը սկսեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքի՝ Վահագնի թաղամասի կառուցման հավակնոտ ծրագիրը: Վահագնի թաղամասը սկսեց շատ արագ կայանալ և ընդգրկվել Երևան քաղաքի համայնապատկերի մեջ: Ինչպես քանիցս նշել է պրն Հովնանյանը, եթե արտասահմանում տներ կառուցելը նրա համար եղել է բիզնես, ապա հայրենիքում նա դրան վերաբերվել է որպես առաքելության:

Վահագ Հովնանյանը ջերմ և սիրառատ հայր է: Արդեն 58 տարի է, ինչ նա Փարիզ-Հասմիկ Բաղդոյանի երջանիկ ամուսինն է, որդի Շանթի և դուստր Նինայի հպարտ հայրը: Վահագն ու Չարենցը, երկվորյակներ Գայանեն ու Կատերինան, ինչպես նաև Փարիզը Տեր և Տիկին Հովնանյանների սիրված թոռնիկներն են: Հայաստանում Հովնանյանների ընտանիքը ապրում է Վահագնի բնակելի թաղամասում: