Ապագայի ծրագրեր և զարգացման հեռանկարներ | Վահագնի բնակելի թաղամաս

Ապագայի ծրագրեր և զարգացման հեռանկարներ

Ինչպես ցանկացած ծավալուն նախագիծ, Վահագնի թաղամասն էլ ընդլայնման և զարգացման հստակ հեռանկարներ ունի: Արդեն նախանշված են այն ուղղությունները, որոնք գործնականում իրականացվելու են թաղամասն ավելի հարմարավետ և բարետես դարձնելու համար: Թաղամասի նոր, լրամշակված նախագիծը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ճանաչվել է 2009-ի լավագույն նախագիծ: Այսպիսով թաղամասում առաջիկայում նախատեսվում է կառուցել առևտրամշակութային կենտրոն, որտեղ կգործեն առևտրային մեծ ու փոքր սրահներ, ինչպես նաև կինոթատրոն, գեղեցկության սրահ, բանկ, սպա-կենտրոն և այլն: Թաղամասը կունենա բարձրակարգ դպրոց, մանկապարտեզ, բժշկական և բիզնես կենտրոններ, կհիմնվի նաև գրադարան:


Վահագնի թաղամասի հավակնոտ ծրագրերից է նաև 2300 բնակարաններից բաղկացած քաղաքատիպ ավանի կառուցումը՝ թաղամասի առանձնացված հարավ-արևելյան հատվածում: Համընդհանուր հավանության արժանացած նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Յուրօրինակ և հազվագյուտ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով նախագիծը, որտեղ շենքերի դասավորությունը հանդարտ թափվող ջրվեժ է հիշեցնում, ունենալու է փոքր քաղաքին հատուկ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները:


Վահագնի թաղամասի ապագայի ծրագրերից է նաև տարածաշրջանում նմանը չունեցող <<Հայաստան երկիր դրախտավայր>> քաղաքային այգու կառուցումը, որը կզբաղեցնի 7 հա տարածք: Յուրօրինակ այգին, որը դառնալու է Հայաստանի այցեքարտերից մեկը, ներառելու է Արևմտյան և Արևելյան Հայաստանների, ինչպես նաև Արցախի բոլոր կարևորագույն պատմական հուշարձանների փոքր մոդելները՝ միացյալ Հայաստանի աշխարհագրական քարտեզի տեսքով: